06.11.2017
Տնային ընթերցանությունը, որպես ուսուցման մեթոդ, նոր չէ, այն կիրառվում է վաղուց և կիրառվում է կրթական տարբեր մակարդակներում: Տնային ընթերցանության առավելությունը այն է, որ այդ մեթոդը հնարավոր է օգտագործել այն պահից սկսած, երբ սովորողը դառնում է տառաճանաչ և կարողանում է ընթերցել: Յուրաքանչյուր կրթական մակարդակի համար ընտրվում է իրե համապատասխան ընթերցման նյութը: Տնային ընթերցանությունը մեզանում դարձել է նաև տնային աշխատանքի այլընտրանք-լրացուցիչ կրթություն:
ՍԳիտենք նաև դարի թերությունը՝ պատանիների ընթերցել չսիրելը: Արդարացված, թե չարդարացված են այդ պատճառները, դա իհարկե, այլ հարց է, որի վերլուծությունը այս հարթակում չի իրականացվի: Այդ հարցը բավականին խորքային է և ունի բազմաթիվ հիմնավորումներ: Սակայն, ուսուցչի խնդիրը այն է, որ ստեղծի պայմաններ, մոտիվացիա, ցանկություն կարդալու, ընթերցելու և, իհարկե, ընթերցածը քննարկելու:
15-ամյա մանկավարժական աշխատանքիս ընթացքում բազմաթիվ միջոցների եմ դիմել, որոնք կարծես թե պետք է նպաստեին սովորողների մոտ ընթերցանության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: Փորձել եմ ինքս առաջարկել գրքեր, հեղինակներ, ժանրեր, փորձել եմ ընտրել իրենց առաջարկած ցանկից: Հեշտ ու ադապտացված, բարդ ու բնօրիակներ, թարգմանություններ, արձակ, պոեզիա… Սակայն, շատ հաճախ ստիպված դադարել եմ, քանի որ առանց պարտադրանքի գործը առաջ չէր գնում: Հատ ու կենտ գրքասեր պատանիներ էին ներգրավվում գործընթացի մեջ, այն էլ ոչ միշտ: Մի խոսքով՝ տառապանքս փորձ ունի…
2016 թվականից ինքս, լինել մոլի ընթերցող, սկսեցի այցելել Կրթահամալիրի Գրական ակումբ, ուր հավաքվում ենք դասավանդողներով, նախապես ընթերցածը քննարկում, լսում միմյանց, հայտնում կարծիքներ, բանավիճում: Ոգևորված ակումբի գործունեությամբ, վերանայեցի մոտեցումս ընթերցանությանը. որոշեցի այնպես կազմել առաջադրանքս, որ այն հետաքրքրի սովորողին, “ստիպի” իրեն կարդալ այն: 11-րդ դասարանցիների հետ տարվա սկսզբից մի նախագիծ սկսեցի, որ հենց այդպես էլ անվանեցի “Տնային ընթերցանություն-Դասարանական քննարկում”: Սովորողների համար նախապես ընտրվում է անգլիացի կամ ամերիկացի որևէ հեղինակի ոչ մեծ ստեղծագործություն (սովորողները իրենք էլ հնարավորություն ունեն առաջարկել ընթերցանության նյութ): Պատմվածքի հետ մշակվում է հարցաշար, որի պատասխանելու համար սովորողը պետք է մանրամասն ծանոթ լինի նյութի հետ: Հարցերը հիմնականում տրամաբանական են, այնպիսն, որ դասարանում այդ հարցերի շուրջ հնարավոր լինի քննարկում ծավալել, բանավիճել: Հարցեր կան նաև բառապաշարի վերաբերյալ՝ սովորողներին տրվում է առաջադրանք դուրս հանել անծանոթ բառերը, դրանք օգտագործել սեփական նախադասություններում կամ գտնել դրանց հոմանիշները, հականիշները:
Հարցաշարը կազմվում է Google Forms-ի միջոցով և սովորողների բոլոր պատասխանները հավաքվում են մեկ տեղում: Այնուհետ առաջադրանքները ստուգվում են և ստուգված տարբերակը սովորողը արդեն հրապարակում է իր բլոգում: Այսպիսով, սովորողը շաբաթը մեկ անգամ ընթերցում է անգլերեն որևէ նյութ, մշակում այն, աշխատում, կատարում առաջադրանքները:
______________________________________________
Հոկտեմբերին իրականացվում էր “Happiness” նախագիծը: Նախագծի մեջ կար այսպիսի առաջադրանք. սովորողները փակում էին աչքերը, լսում Ջոն Լենոնի “Imagine” երգը, որից հետո մեկ խոսքով պետք է ասեին, թե ինչպիսն է իրենց պատկերացրած աշխարհը: