Չքացող ժամանակների ծովը
Հունվարի վերջերին ծովը անհանգստանում էր, ափ էր շպրտում խիտ տիղմը, և մի քանի շաբաթից ամեն ինչ վարակվում էր իր վատ տրամադրությամբ:
Այդ պահից սկսած աշխարհում այլևս անելիք չկար, առնվազն մինչև հաջորդ դեկտեմբեր, և երեկոյան ժամը ութին ամբողջ գյուղը քուն էր մտնում: Սակայն այն տարին, երբ սենյոր Հերբերթը եկավ այս կողմերը, ծովը չէր կորցրել իր գեղեցկությունը անգամ հունվարին: Ընդհակառակը, այն ավելի ու ավելի հանդարտ էր, պայծառ պսպղում էր և մարտի սկզբից սկսած գիշերները սկսեց վարդի բույր արձակել:
Թոբիասը զգաց այդ բուրմունքը: Նրա երակներում խեցգետինների համար համեղ արյուն էր հոսում, և ահա թե ինչու էր գիշերվա մեծ մասը անցկացնում դրանց իր անկողնուց հեռու պահելու վրա, մինչև քամին փոխեր իր ուղղությունը, և հաջողվեր քնել: Երկար, անքուն գիշերներին նա սովորել էր զգալ օդի չնչին փոփոխությունները: Այսպիսով, երբ նա զգաց վարդի բուրմունքը, կարիք չուներ դուռը բացելու համոզվելու համար, որ բուրմունքը ծովից է գալիս:
Ուշ արթնացավ: Կլոտիլդյեն ներքին բակում կրակ էր վառում: Փչում էր թարմ քամին, և բոլոր աստղերն իրենց տեղում էին, սակայն ծովից եկող լուսավորության պատճառով դժվար էր հաշվարկել, թե մինչ հորիազոն որքան աստղ կա ցրված երկնքում: Սուրճից հետո Թոբիասը բերնում ծովի համը զգաց:
-Գիշերն ինչ-որ արտառոց բան է պատահել, -հանկարծ հիշեց նա:
Կլոտիլդյեն, ինչպես միշտ, որևէ բան չէր զգացել: Նա այնքան խոր էր քնում, որ անգամ իր երազները չէր հիշում:
-Վարդի հոտ էր,- ասաց Թոբիասը, -համոզված եմ, որ ծովից էր գալիս:
–Ես չգիտեմ, թե վարդերն ինչ հոտ ունեն, -պատասխանեց Կլոտիլդյեն:
Երևի հենց էդպես էլ կար: Գյուղակը չորացած էր, հողը՝ պինդ, սելիտրայի խարնուրդով, և միայն ժամանակ առ ժամանակ որևէ մեկը այլ տեղից կարող էր մի փունջ ծաղիկ բերել՝ մահացածներին իջեցրած տեղում ծովը գցելու համար:
-Դրանք նույն հոտն ունեն, ինչ Գուակա-մայալայի ջրահեղձը,- ասաց Թոբիասը:
-Չի կարող պատահել,- ժպտալով պատասխանեց Կլոտիլդյեն,- եթե դա այդպես հաճելի բուրմունք էր, ապա կարող ես համոզված լինել, որ ամնևին էլ ծովի կողմից չի եկել:
Իրոք որ դա կոշտ ծով էր: Երբեմն, երբ ձկնորսական ցանցերը միայն ջրիկ ցեխ էին հանում, տեղատվության ժամերին գյուղի նեղ փողոցներում շաղ տված սատկած ձկներ էին լինում: Միայն դինամիտը կարող էր դուրս շպրտել անցած ժամանակներում կործանված նավերի բեկորները:
Կլոտիլդյեի պես սահմանափակ կանայք, որոնք ապրում էին գյուղում, չարակամ էին լինում և քթները խոթում ուրիշների գործերի մեջ: Ինչպես և Կլոտիլդյեն, ծերունի Հակոբի կին Պետրան, որ այս առավոտ սովորականից շուտ էր արթնացել, վերջացրեց տան գործերն ու դժբախտ դեմքով նստեց նախաճաշելու:
-Իմ վերջին կամքն է, որ ինձ կենդանի թաղեն, -հայտարարեց նա իր ամուսնուն:
Նա ասաց դա այնպիսի տոնով, կարծես արդեն պառկած էր մահվան մահճում, սակայն իրականում նստած էր սեղանի մոտ՝ մեծ պատուհաններով ճաշասենյակում, իսկ գարնանային առավոտվա լույսը լցվել էր տան մեջ:
Առջևը նստած ծերունին, որը դանդաղ, գրեթե առանց ախորժակի ծամում էր, իր ամուսին Հակոբն էր, որն այնքան խորը և երկար էր սիրել իր կնոջը, որ այլևս չէր կարող տանջվել, եթե այդ տանջանքի աղբյուրը իր կինը չէր:
-Ես ցանկանում եմ մահանալ՝ համոզված լինելով, որ ինձ կթաղեն հողի մեջ, ինչպես ընդունված է քաղաքակիրթ հասարակությունում,-շարունակեց կինը: -Եվ ընդամենը մի ճանապարհ կա դրանում համոզված լինելու՝ գնալ մեկ այլ գյուղ և որպես ողորմություն աղաչել, որ ինձ կենդանի թաղեն:
-Հարկ չկա որևէ մեկին դրա մասին աղաչելու, -միանգամայն հանգիստ պատասխանեց Հակոբը: -Ես պարտավոր եմ ինքս քեզ այնտեղ տանել:
-Դե ուրեմն, գնացինք,- ասաց նա, -չէ՞ որ ես շուտով կմեռնեմ:
Ծերունի Հակոբը ուշադիր նայեց կնոջը: Նրա միայն աչքերն էին երիտասարդ պահպանվել: Հոդերը ուռել էին, և նա ինքը նման էր հարթացրած հողի, թեև, վերջիվերջո, նա միշտ էլ այդպիսին է եղել:
-Դու այսօր շատ գեղեցիկ ես,- ասաց նա:
-Գիշերը ես զգացի վարդերի բուրմունքը,-պատասխանեց կինը:
-Դե, տեսնո՞ւմ ես, -հանգստացրեց նրան ծերունի Հակոբը: -Աղքատների հետ նման բաներ չեն պատահում:
-Բանը դա չէ,- առարկեց կինը։- Ես միշտ աղոթել եմ, որ նախապես իմանամ, թե երբ եմ մեռնելու, որ կարողանամ մեռնել այս ծովից հեռու: Այս գյուղում վարդի բուրմունքը կարող է միայն Աստծո ուղարկած նշան լինել:
Միակ բանը, որ ծերունի Հակոբը այդ պահին գլխի ընկավ անելու, խնդրելն էր, որ կինն իրեն ժամանակ տա գործերը կարգավորելու համար: Նա լսել էր, որ մարդիկ պետք է մահանան ոչ թե երբ եկել է դրա ժամանակը, այլ երբ նրանք դա ցանկանում են, և լրջորեն մտահոգված էր կնոջ անբուժելի հիվանդության ախտանիշերով: Նա ինքն իրեն հարց տվեց, թե արդյոք կհամարձակվի՞ կենդանի թաղել կնոջը, երբ գա ժամանակը:
Ժամը իննին նա բացեց այն տարածքը, որ նախկինում խանութ էր եղել: Դռան առջև դրեց երկու աթոռ և մի փոքր սեղան՝ շաշկիով և ամբողջ առավոտ խաղաց յուրաքանչյուր անցորդ հակառակորդի հետ: Իր նստած տեղից երևում էր խարխլված գյուղը, արևի վառած, ներկի հետքերով փլուզված տները, և փողոցի վերջում՝ ծովը:
Երկրորդ նախաճաշից առաջ նա, սովորության համաձայն, խաղում էր դոն Մաքսիմո Գոմեսի հետ:
Ծերունի Հակոբը երբևէ չէր հանդիպել ավելի մարդասեր հակառակորդի, քան այս մարդը, որը ողջ ու առողջ վերադարձել էր երկու քաղաքացիական պատերազմներից, իսկ երրորդի ժամանակ միայն մի աչքն էր կորցրել: Նա միտումնավոր պարտվեց, որ ևս մեկ անգամ խաղա դոն Մաքսիմոյի հետ:
-Ինձ մի բան ասեք, դո՛ն Մաքսիմո, հարցրեց ծերունի Հակոբը, -դուք կկարողանայի՞ք ձեր կնոջը կենդանի թաղել:
-Իհարկե, – պատասխանեց դոն Մաքսիմո Գոմեսը: -Անգամ ձեռքս չէր դողա, հավատացեք ինձ:
-Ծերունի Հակոբը զարմացած լռեց: Այնուհետև, կորցնելով լավ դիրքերում գտնվող խաղաքարերը, հոգոց հանեց.
-Բանն այն է, որ կարծես Պետրան շուտով կմահանա:
Դոն Մաքսիմոն ունքն էլ չշարժեց:
-Այդ դեպքում,- ասաց նա, -հարկ չկա նրան կենդանի թաղելու:
Նա «կերավ» երկու խաղաքար և մտավ տամա: Այնուհետև այնպիսի աչքերով նայեց հակառակորդին, որ թվաց, թե աչքերում արցունք կար:
-Ի՞նչ է պատահել նրան:
-Գիշերը վարդերի բուրմունք է զգացել,- մանրամասնեց ծերունի Հակոբը:
-Դե, եթե այդպես է, ապա գյուղի կեսը մեռնելու է. առավոտվանից միայն դա եմ լսում:
Ծերունի Հակոբը ջանք թփեց կրկին այնպես պարտվելու, որ չնեղացնի հակառակորդին:
Նա հավաքեց սեղանն ու աթոռները և սկսեց գյուղում փնտրել մեկին, որ զգացել է վարդերի բուրմունքը: Ի վերջո, վստահել կարելի էր միայն Թոբիասին: Դրա համար էլ ծերունի Հակոբը խնդրեց մտնել իրենց տուն՝ ձև անելով, թե հանկարծակի են հանդիպել, և ամեն բան պատմել իր կնոջը:
Թոբիասը այդպես էլ արեց: Ժամը չորսին նա, այնպես հագած, իբրև պատրաստվում էր որևէ մեկին այցելել, հայտնվեց այն սենյակում, որտեղ Հակոբի կինը անցկացնում էր իր օրվա երկրորդ կես՝ պատրաստելով ամուսնու՝ այրիության կոստյումը: Թոբիասի տեսքը այնքան առեղծվածային էր, որ կինը անգամ վեր թռավ:
-Աստված իմ, բացականչեց նա, – ես էլ կարծեցի, թե Գաբրիել հրեշտակն է:
-Ի նկատի ունեցեք. Գաբրիել հրեշտակը չէ, ես եմ և եկել եմ՝ ձեզ մի բան պատմեմ:
Կինը ուղղեց ակնոցը և շարունակեց աշխատանքը:
-Ես գիտեմ, թե բանն ինչ է,- ասաց նա:
-Բան էլ չգիտեք,- պատասխանեց Թոբիասը:
-Գիտեմ, որ դու գիշերը վարդի բուրմունքն ես զգացել:
-Ի՞նչ իմացար, -հուսահատ հարցրեց Թոբիասը:
-Իմ տարիքի մարդն այնքան ժամանակ ունի մտորելու, որ վերջ ի վերջո, պայծառատես է դառնում,- պատասխանեց Պետրան:
Ծերունի Հակոբը, որն ականջ էր դրել զրույցին, ամոթից ցնցվեց:
-Էդ ի՞նչ ես մտցրել գլուխդ, ա՛յ կին,- բացականչեց նա միջնորմի հետևից: Նա մտավ սենյակ.-Խոսքը քո մտածածի մասին չէր:
-Այս երիտասարդը ամեն բան հորինում է,- գլուխը չբարձրացնելով՝ պատասխանեց կինը: -Նա ոչ մի բան էլ չի զգացել:
-Ժամը տասնմեկն էր, ես անգամ վախեցա ծովախեցգետիններից:
Պետրան ավարտեց օձիքի կարկատանը:
-Հորինում ես, պնդեց նա, -բոլորն էլ գիտեն, որ դու ստախոս ես:
Նա ատամներով պոկեց թելը և ակնոցների վերևից նայեց Թոբիասին:
-Մի բան չեմ հասկանում. ինչո՞ւ ես ջանք թափել, մածուկ քսել և մաքրել կոշիկներդ: Չլինի՞՝ որ իմ հանդեպ անհարգալից վերաբերմունքդ ցույց տաս:
Այդ պահից Թոբիասը սկսեց հետևել ծովին: Նա կախեց իր ցանցաճոճը սենյակում, որը տանում էր դեպի բակ, և սպասումով անքուն գիշերներ էր անցկացնում՝ վախենալով նրանից, թե ինչ է կատարվում աշխարհում, երբ մարդիկ քնած են: Գիշերները նա լսում էր խեցգետինների հուսահատ քերծոցը, երբ նրանք ջանում էին բարձրանալ հենասյուներով, սակայն դա այնքան գիշեր տևեց, մինչև որ նրանք հոգնեցին: Նա իմացավ, թե ինչպես է քնում Կլոտիլդյեն: Պարզեց, որ նրա խռռոցը, որը նման էր սրինգի ծղրտոցի, շոգը վրա հասնելուն պես ավելի էր սաստկանում, որ վերջ ի վերջո դառնում էր մեկ ընդհանուր ցածր ձայն, որը խանգարում էր հուլիսյան քնի լռությունը:
Սկզբում Թոբիասը այնպես էր հետևում ծովին, ինչպես դա անում են նրանք, ովեր ծովը լավ են ճանաչում՝ հայացքը հառած հորիզոնի մի կետին: Նա տեսնում էր, թե ինչպես է ծովը փոխում իր գույնը: Տեսնում էր, թե ինչպես է խամրում, դառնում փրփրոտ և կեղտոտ և դուրս նետում կեղտերը հորդառատ անձրևների ժամանակ: Սակայն քիչ-քիչ նա սկսեց նայել ծովին արդեն այնպես, ինչպես դա կաներ այն մարդը, որ գերազանց է ճանաչում դա՝ անգամ չնայելով դրան, սակայն անգամ քնի մեջ չմոռանալով դրա մասին:
Օգոստոսին ծերունի Հակոբի կինը մահացավ: Լուսաբացին նա արդեն պառկած էր իր անկողնում՝ մահացած, և նրան, ինչպես այս գյուղի բոլոր հանգուցյալներին, ծով իջեցրին առանց ծաղիկների: Իսկ Թոբիասը շարունակ սպասում էր: Նա այնպես եռանդուն էր սպասում, որ դա դարձավ իր կենցաղը: Եվ հանկարծ մի գիշեր, երբ նա ննջում էր իր ցանցաճոճում, հասկացավ, որ մթնոլորտում ինչ-որ փոփոխություն տեղի ունեցավ: Փչեց սուր քամին. այդպիսի քամի փչել էր մեկ էլ, երբ նավահանգստի մոտ ճապոնական մի նավ փտած սոխ էր թափել: Հոտը ավելի էր ուժեղանում և չանցավ մինչև լուսաբաց: Եվ միայն այն պահին, երբ Թոբիսը համոզվեց, որ կարող է բռնել այն և ցույց տալ Կլոտիլդյեին, նա վեր թռավ ճոճից և մտավ այն սենյակ, որտեղ կինը քնած էր: Դժվարությամբ արթնացրեց կնոջը:
-Ահա, ասաց Թոբիասը:
Կլոտիլդյեն տեղից վեր կենալու համար ստիպված էր ձեռքերով հետ մղել հոտը, կարծես այն թռչող սարդոստայն էր: Այնուհետև նորից պառկեց իր խղճուկ անկողնում:
-Գրողը տանի դրան,- ասաց նա:
Թոբիասը վազեց դեպի դուռը, դուրս եկավ փողոցի մեջտեղը և սկսեց բղավել: Նա բղավում էր ամբողջ ուժով, շունչ քաշում և կրկին բղավում, այնուհետև լռեց և ամբողջ կրծքով շունչ քաշեց, իսկ հոտը դեռ կանգնած էր ծովի վրա: Սակայն որևէ մեկը չարձագանքեց: Թոբիասը սկսեց թակել տների դռերը, անգամ մեխած դռները, մինչև որ իր գոռգռոցը միաձուլվեց շների հաչոցի հետ և արթնացրեց ամբողջ գյուղը:
Շատերը չզգացին վարդի բուրմունքը: Սակայն կային այնպիսիները, հատկապես ծերերը, ովքեր զգացին և գնացն ծովի մոտ՝ վայելելու այդ հոտը: Դա շատ թանձր բուրմունք էր, որի միջով չէին կարող թափանցել անցյալի հոտերը: Շատերը, նման զգացմունքներից ուժասպառ, վերադարձան տուն: Իսկ մեծամասնությունը մնաց ծովի ափին, որ այդ երազը հենց այնտեղ էլ ավարտվի: Լուսաբացին օդը այնքան մաքուր էր դարձել, որ անգամ ափսոս էր շնչել:
Թոբիասը ամբողջ օրը քնեց: Կլոտիլդյեն նրա մոտ եկավ հետճաշյա հանգստի ժամին և օրվա մյուս կեսը նրանք անկողնում անցկացրին՝ անգամ չջանալով փակել դուռը, որը տանում էր դեպի բակ: Նրանք այնքան ժամանակ անկողնում անցկացրին, մինչև որ աշխարհը տխրեց և մթնեց: Օդի մեջ դեռ զգացվում էր վարդի նուրբ բուրմունքը: Երբեմն երաժշտության ձայն էր հասնում սենյակ:
-Դա Կատարինոյի մոտ է, ասաց Կլոտիլդյեն: -Երևի ինչ-որ մեկը եկել է:
Եկել էին երեք տղամարդ և մեկ կին: Կատարինոն մտածեց, որ ավելի ուշ էլի մարդիկ կարող են գալ, և որոշեց մի լավ ձայնարկիչ առնել: Նա այդ խնդրանքով դիմեց Պանչո Ապարեսիդոյին, որն անում էր՝ ցանկացած գործ, քանի որ այլ անելիք չուներ, իսկ բացի այդ նաև ուներ գործիքներով լի մի արկղ և ոսկե ձեռքեր:
Կատարինոյի խանութը իրենից ներկայացնում էր մի փայտյա տնակ, որը գտնվում էր ծովի մոտ: Այդտեղ բազկաթոռներով և սեղաններով մի մեծ սրահ կար, իսկ տան խորքում՝ բազմաթիվ սենյակներ: Մինչ բոլորը հետևում էին Պանչո Ապարեսիդոյի աշխատանքին, երեք տղամարդիկ և կինը լռության մեջ խմում էին և հերթով հորանջում:
Բազմաթիվ անհաջող փորձերից հետո վերջապես ձայնարկիչն աշխատեց:
Երբ հեռավոր, բայց պարզ լսվող երաժշտության ձայնը հասավ գյուղացիներին, նրանք դադարեցրին զրույցները։
Նրանք, խոսելու ունակությունը կորցրած, միմյանց էին նայում, քանի որ նոր գիտակցեցին, թե որքան են ծերացել այն ժամանակներից, երբ վերջին անգամ երաժշտություն են լսել։
Ժամը 9-ից հետո Թոբիասը տեսավ, որ բոլորն արդեն արթնացել են։ Մարդիկ, իրենց տան շեմին նստած, Կատարինոյի հին ձայնապնակներ էին լսում այնպիսի մանկական ճակատագրապաշտությամբ, ինչպիսին որ ունենում են արևի խավարման նկատմամբ: Յուրաքանչյուր ձայնապնակ հիշեցնում էր ինչ-որ մեկին, ով իրականում արդեն վաղուց մահացել էր, ուտելիքի համի մասին, որը սկսում ես զգալ երկարատև հիվանդությունից հետո, կամ այն մասին, թե տարիներ առաջ ինչ պետք է անեիր վաղը և ինչը մոռացկոտության պատճառով չես արել:
Ժամը տասնմեկի կողմերը երաժշտությունը դադարեց: Շատերը պառկեցին քնելու՝ մտածելով, թե անձրև է գալու. ծովի վրա սև ամպ էր կախվել: Սակայն ամպը իջավ, որոշ ժամանակ լող տվեց ծովի մակերեսին, այնուհետև սուզվեց ծովի խորքերը: Ծովի վերևում մնացին միայն աստղերը: Մի առ ժամանակ անց ափամերձ քամին արդեն ծովի կեսին էր հասել, իսկ վերադառնալիս իր հետ վարդի բուրմունք բերեց:
-Ասո՛ւմ էի, չէ՞, Հակոբ,-բացականչեց Մաքսիմո Գոմեսը: -Ահա մենք նորից զգում ենք այն: Համոզված եմ, որ ամեն գիշեր զգալու ենք:
Նրանք շաշկի էին խաղում դատարկ խանութում՝ երաժշտությանը ուշադրություն չդարձնելով: Իրենց հուշերը այնքան վաղեմի էին, որ անգամ դրանք արթնացնող բավականին հին ձայնապնակ չկար:
-Ես այդ ամենին այդքան էլ չեմ հավատում,-ասաց Մաքսիմո Գոմեսը: -Երբ մարդ այսքան տարի հող է փորում և ձգտում է մի հարմար այգի գտնել, որտեղ կարող է ծաղիկներ տնկել, զարմանալի չէ, որ ի վերջո նրան սկսում են այսպիսի բաներ թվալ, և նա սկսում է հավատալ, որ դա իրականոթյուն է:
-Բայց չէ՞ որ սեփական քթով ես զգում այդ բուրմունքը,- առարկեց Ծերունի Հակոբը:
-Կարևոր չէ, -պատասխանեց Մաքսիմո Գոմեսը: -Պատերազմի ժամանակ, երբ հեղափոխությունը արդեն տանուլ էր տրված, մենք այնքան էինք ուզում գեներալ ունենալ, որ դուքս Մալբորոյին մարմնավորված տեսանք: Հակոբ, ես նրան իմ սեփական աչքերով եմ տեսել:
Կեսգիշերն արդեն անցել էր: Մնալով մենակ՝ ծերունի Հակոբը փակեց խանութը և լամպը տարավ ննջասենյակ: Պատուհանից երևում էր այն ժայռը, որի վրայից գցում էին հանգուցյալներին:
-Պետրա, -ցածրաձայն կանչեց նա կնոջը: Կինը չէր կարող իրեն լսել. հենց այդ պահին՝ վառ կեսօրով, նա լողում էր ջրի գրեթե մակերեսին՝ Բենգալյան ծոցում: Նա բարձրացրեց գլուխը, որ նայի ջրից ինչպես լուսավորված ապակուց, հսկա անդրատլանտյան ապակուց: Սակայն նա չէր կարող տեսնել իր ամուսնուն, որը այդ պահին աշխարհի մյուս ծայրում նորից լսեց Կատարինոյի ձայնարկիչը:
-Հասկացիր, -ասաց ծերունի Հակոբը,- գրեթե կես տարի մարդիկ քեզ ցնդած էին համարում, իսկ այսօր նույն մարդիկ քեզ գերեզման տարած այդ բուրմունքի պատվին տոն են կազմակերպում:
Ծերունի Հակոբը մարեց լույսը և պառկեց: Նա մի քիչ լաց եղավ, տգեղ լացեց՝ ծերունու նման, և շատ արագ քնեց:
-Եթե կարողանայի, կգնայի այստեղից,- հեծկլտում էր նա՝ գիշերվա մի պահի արթնանալով:
-Ընդամենը քսան պեսո ունենայի, գրողի ծոցը կգնայի:
Այդ իսկ գիշերվանից սկսած մի քանի ամիս շարունակ բուրմունքըն զգացվում էր ծովի վրա: Այն ներթափանցել էր տների փայտյա պատերի մեջ, սննդի մեջ, խմելու ջրի մեջ, և չկար այդպիսի տեղ, որտեղ չզգացվեր: Կատարինոյի մոտ հյուրընկալած տղամարդիկ և կինը ուրբաթ օրը գնացին, սակայն շաբաթ նրանք վերադարձան՝ բերելով իրենց հետ մի խումբ մարդկանց:
Կիրակի նրանք նորից եկան: Այնպես էին խմբերով ամենուրեք թափառով՝ ոտելիք և քնելու տեղ փնտրում, որ շուտով այլևս հնարավոր չէր փողոցով քայլել: Հետո ժամանեցին այլ մարդիկ: Կանայք, որոնք անհետացել էին, երբ գյուղը մահանում էր, կրկին հայտնվեցին Կատարինոյի մոտ: Նրանք ավելի էին գիրացել և չափազանց շպարված էին: Իրենց հետ բերել էին մոդայիկ ձայնապնակներ, որոնք ոչ ոքի ոչ մի բան չէին հիշեցնում:
Հայտնվեցին նաև գյուղի հին բնակիչներից: Ժամանակին նրանք այլ երկրներ էին գնացել և այնտեղ քրտնաջան աշխատում էին՝ գումար վաստակելու համար: Հիմա էլ պատմում էին, թե որքան է իրենց բախտը բերել, սակայն իրենք նույն հագուստով էին, որով որ ժամանակին գնացել էին:
Եկան երաժիշտներ, որոնք կազմակերպում էին իրային խաղարկություններ և շուկաներ, եկան բախտագուշակներ և ավազակներ, հայտնվեցին օձերին վզի վրա փաթաթած մարդիկ, որոնք անմահական ջուր էին վաճառում: Նրանք մի քանի ամսվա ընթացքում անընդհատ հայտնվում էին, սակայն սկսեցին անձրևները, ծովը պղտորվեց և բուրմունքը անհետացավ:
Վերջում ժամանած հյուրերի մեջ կար նաև հոգևորական: Նա զբոսնում էր գյուղով՝ սնվելով կաթի և սուրճի մեջ թաթախած հացով և աստիճանաբար արգելելով այն ամենը, ինչ նախորդել էր իր այստեղ հայտնվելուն՝ վիճակահանությունը, նոր երաժշտությունը և դրան համապատասխան պարերը և անգամ ափին քնելու նոր սովորությունը: Մի օր՝ երեկոյան Մելչորի տանը նա մի քարոզ կարդաց ծովի բուրմունքի մասին:
-Փառք տվեք երկնքին, զավակներս, -ասաց նա, -քանզի այդ բուրմունքը Աստծո պարգև է:
-Ի՞նչ իմացաք, տե՛ր հայր, եթե դուք դա մինչ հիմա չեք զգացել,- ընդհատեց նրան ներկաներից մեկը:
– Սուրբ գրքում բավականին հստակ ասվում է այդ հոտի մասին: Մենք գտնվում ենք յուրահատուկ գյուղում:
Թոբիասը լուսնորդի նման թափառում էր գյուղով և մասնակցում բոլոր տոնախմբություններին: Նա ստիպեց Կլոտիլդյեին իմանալ փողի համը: Իրենք պատկերացնում էին, թե մեծ գումար են շահել խաղադրույք անելով: Այնուհետև ծախսերն էին հաշվում և իրենց անչափ հարուստ զգում շնորհիվ այն գումարների, որ կարող էին շահել:
Բայց մի գիշեր ոչ միայն իրենք, այլ ամբողջ գյուղի բնակչությունը այնպիսի քանակությամբ փող տեսան, որ անգամ պատկերացնել չէին կարող: Փողերը հայտնվեցին այն գիշեր, երբ ժամանեց սինյոր Հերբերթը: Նա հանկարծակի հայտնվեց, փողոցի մեջտեղում սեղան դրեց, իսկ սեղանին՝ երկու մեծ ճամպրուկ, որոնք լի էին բանկային արժեթղթերով: Այնտեղ այնքան փող կար, որ սկզբում որևէ մեկը դրանց վրա անգամ ուշադրություն չդարձերց, քանի որ չէին հավատում, որ դա կարող է իրականություն լինել: Սակայն, քանի որ սինյոր Հերբերտը զանգակով զրնգացնում էր, ի վերջո մարդիկ հավատացին նրան և մոտեցան լսելու, թե ինչ է ասելու:
-Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ, -ասաց նա: -Ես այնքան փող ունեմ, որ անգամ չգիտեմ, թե դրանք որտեղ օգտագործեմ: Եվ քանի որ ես այնքան մեծ սիրտ ունեմ, որ այն չի տեղավորվում կրծքումս, ես որոշեցի շրջել աշխարհով և մարդկանց խնդիրները լուծել:
Նա բարձրահասակ էր և շատ գեղեցիկ: Խոսում էր բարձր, առանց դադարների, շարժելով սառը և թույլ ձեռքերը: Մոտ քառորդ ժամ խոսելուց հետո նա հոգնեց: Ավարտելով մենախոսությունը՝ թափահարեց զանգակը և կրկին խոսեց: Ելույթի կեսին ինչ-որ մեկը թափահարեց գլխարկով և ընդհատեց հռետորին:
-Այդ ամենը շատ հիանալի է, սակայն բավական է խոսել, ժամանակն է փողերը բաժանելու:
-Ոչ, -պատասպանեց սինյոր Հերբերտը:- Հենց էնպես փողերը բաժանելը ոչ միայն արդարացի չէ, այլ նաև անիմաստ է:
Նա աչքերով գտավ իրեն ընդմիջողին և նշան արեց, որ նա մոտենա: Ամբոխը տեղ բացեց:
-Մեր անհամբեր բարեկամը, -շարունակեց սինյոր Հերբերտը, -կօգնի մեզ կիրառելու հարստությունները բաժանելու ամենաարդար մեթոդը:
Նա ձեռքը մեկնեց և օգնեց այդ մարդուն բարձրանալ:
-Անունդ ի՞նչ է:
-Պատրիսիո:
-Հիանալի է, Պատրիսիո,- ասաց սինյոր Հերբերտը: -Ինչպես աշխարհի բոլոր մարդիկ, դու նույնպես վաղուց ունես այնպիսի խնդիր, որը ի զորու չես լուծելու:
Պատրիսիոն հանեց գլխարկը և գլխով արեց:
-Ո՞րն է քո խնդիրը:
-Իմ խնդիրը հետևյալն է, -հայտարարեց Պատրիսիոն, -ես փող չունեմ:
-Իսկ քեզ որքա՞ն է հարկավոր:
-Քառասուն ութ պեսո:
Սինյոր Հերբերտը հաղթական ճչաց:
-Քառասունութ պե՛սո, -կրկնեց նա: Ամբոխի մեջ ծափահարություններ լսվեցին:
-Հիանալի է, Պատրիսիո,- շարունակեց սինյոր Հերբերտը: -Իսկ հիմա ասա մեզ, թե ինչ ես դու կարողանում անել:
-Շատ բան կարող եմ անել:
-Դե որևէ բան ասա մեզ, -ասաց սինյոր Հերբերտը: -Անվանիր այն, ինչը ամենից լավն ես կարողանում անել:
-Լավ, -ասաց Պատրիսիոն, -կարողանում եմ թռչունների պես երգել: Կրկին ծափեր լսվեցին, իսկ սինյոր Հերբերտը դիմեց ամբոխին.
-Այսպիսով, տիկնայք և պարոնայք, մեր բարեկամ Պատրիսիոն, որը հիասքանչ նմանակում է թռչունների ձայներին, քառասունութ տարբեր թռչունների ձայներ կհանի և այդպես կլուծի իր կյանքի ամենամեծ խնդիրը:
-Զարմացած ամբողը լռեց, և Պատրիսիոն երգեց ծտի պես: Երբեմն սուլում էր, երբեմն ծլվլում, մի խոսքով՝ աշխարհի բոլոր հայտնի թռչուններին նմանակում, և իր ելույթը ավարտեց բոլորին անծանոթ թռչունների ձայնով: Սինյոր Հերբերտը ծափահարություններ պահանջեց և Պատրիսիոյին հանձնեց քառասունութ պեսոն:
-Իսկ այժմ, -ասաց նա, -խնդրում եմ մեկ-մեկ մոտենալ: Ես այստեղ կլինեմ մինչև վաղը՝ ուղիղ 24 ժամ՝ ձեր խնդիրները լուծելու համար:
Ծերունի Հակոբը իմացել էր այս ամենի մասին իր տան մոտով անցնող մարդկանց պատմածներից: Ամեն անգամ լսելիս, նրա սիրտը ավելի և ավելի էր մեծանում, մինչև որ զգաց, որ այն հիմա կպայթի:
-Ի՞նչ եք կարծում այս օտարերկրացու մասին, -հարցրեց նա դոն Մաքսիմո Գոմեսին:
Նա ուսերը թոթվեց:
-Երևի բարերար է:
-Եթե ես որևէ բան կարողանայի անել, ես էլ կլուծեի իմ խնդիրները: Եվ արժե այն ընդամենը քսան պեսո:
-Դուք շատ լավ շաշկի եք խաղում, – ասաց դոն Մաքսիմո Գոմեսը:
Ծերունի Հակոբը կարծես բանի տեղ չդրեց նրա ասածը: Սակայն, մենակ մնալով, նա թերթով փաթաթեց շաշկու տուփը և գնաց սինյոր Հերբերտին մարտահրավեր նետելու: Նա իր հերթին մինչ կեսգիշեր սպասեց: Վերջապես սինյոր Հերբերտը հրամայեց հավաքել իր ճամպրուկներն ու հրաժեշտ տվեց մինչև առավոտ: Բայց նա չքնեց: Նա հայտնվեց Կատարինոյի խանութում այն մարդկանց հետ, ովքեր տանում էին իր ճամպրուկները: Ամբոխը այստեղ էլ նրան հանգիստ չէր թողնում իր խնդիրներով: Սինյոր Հերբերտը քիչ-քիչ լուծում էր այդ խնդիրները և այնքան լուծեց, որ վերջում խանութում մնացել էին միայն կին և մի քանի տղամարդ, ում խնդիրներն արդեն լուծված էին: Սրահի խորքում միայնակ մի կին էր կանգնած, որը դանդաղ թափահարում էր գովազդային ինչ-որ պաստառ։
-Հեյ, դու, -բացականչեց սինյոր Հերբերտը, – ո՞րն է քո խնդիրը:
-Կինը դադարեց թափահարել:
-Պարոն, մի խառնեք ինձ ձեր գործերի մեջ, -բացականչեց կինը ամբողջ սրահով: -Ես որևէ խնդիր չունեմ, ես մարմնավաճառ եմ և թքած ունեմ ամեն ինչի վրա:
Ծերունի Հակոբը ամբողջ օրը իր շաշկիով հետևեց Հերբերտին: Երբ սկսեց մութն ընկնել, եկավ իր հերթը: Նա ներկայացրեց իր խնդիրը, և սինյոր Հերբերտը համաձայնեց իր հետ շաշկի խաղալ: Փողոցի մեջտեղում մեծ սեղան դրեցին, դրա վրա՝ փոքրը, իսկ կողքերին՝ երկու աթոռ: Ծերունի Հակոբը արեց առաջին քայլը: Սա վերջին խաղն էր, որի ժամանակ նրան հաջողվում էր մտածել քայլերը: Նա պարտվեց:
– Քառասուն պեսո, և ես ձեզ երկու քայլի առավելություն եմ տալիս, -ասաց սինյոր Հերբերտը:
Նա կրկին հաղթեց: Նրա մատները հազիվ էին դիպչում խաղաքարերին: Նա հիանալի էր խաղում, կռահում էր հակառակորդի մտահղացումը և խաղը խաղի հետևից հաղթում: Ամբոխը հոգնեց հետևելուց խաղի ընթացքին: Երբ ծերունի Հակոբը որոշեց հանձնվել, նա պարտք էր հինգ հազար յոթ հարյուր քառասուներկու պեսո և քսաներեք սենտավո:
Նրա դեմքը չփոխվեց: Նա տանուլ տված գումարը գրեց մի փոքր թղթի վրա, որը հանեց գրպանից: Հետո հավաքեց շաշկիները, փակեց տուփը և փաթաթեց այն թերթի մեջ:
-Արեք ինձ հետ ինչ ուզում եք, բայց այս իրերը թողեք ինձ: Խոստանում եմ, որ մինչև կյանքիս վերջ այնքան կխաղամ, մինչև հավաքեմ անհրաժեշտ գումարը:
Սինյոր Հերբերտը նայեց ժամացույցին:
-Հոգու խորքում ես ձեզ ցավակցում եմ, -ասաց նա, -վճարման ժամկետը լրանում է քսան րոպեից:
Նա դադար տվեց և լռեց այնքան ժամանակ, մինչև համոզվեց, որ հակառակորդը չի պատրաստվում իր հետ բանավիճել: -Էլ բան չունե՞ք:
-Միայն պատիվս է մնացել։
-Նկատի ունեմ մի բան, որը փոխում է իր գույնը, եթե վրայով անցնես ներկոտ վրձինով, -պարզաբանեց սինյոր Հերբերտը:
-Դա իմ տունն է, -հանելուկը հասկացած մարդու տոնով ասաց ծերունի Հակոբը: -Դրա համար գրոշ անգամ չեն տա, սակայն տունը մնում է տուն:
Ահա այսպես ծերունի Հակոբի տունը անցավ սինյոր Հերբերտին: Նրան անցան նաև այլ մարդկանց տներն ու ունեցվածքը, որոնք, ինչպես ծերունի Հակոբը, չկարողացան ցույց տալ իրենց վարպետությունը: Սակայն սինյոր Հերբերտը կարգադրեց, որ ամբողջ շաբաթ երաժիշտները նվագեն, կրկեսի դերասանները հանդես գան, հրավառություններ լինեն և ինքն էլ եղավ այդ տոնի կարգադրիչը:
Հիշարժան շաբաթ էր: Սինյոր Հերբերտը գյուղի հիանալի բախտի մասին էր խոսում և անգամ ապագայի քաղաք նկարեց՝ մեծ ապակե տներով և հարթ տանիքների պարահրապարակներով:
Նա իր նկարը ցույց տվեց ամբոխին: Նրանք զարմացած ուսումնասիրում էին այն, փորձելով իրենց գտնել սինյոր Հերբերտի նկարած գունավոր անցորդների մեջ: Սակայն այդ անցորդները այնքան լավ էին հագնված, որ ոչ ոք չէր կարողանում իրեն ճանաչել: Մարդկանց սիրտը այդ ծանրությունից սկսեց ցավել: Հիմա նրանք ծիծաղում էին այն բաների վրա, որի վրա դեռ հոկտեմբերին ուզում էին լաց լինել, և մոլորվել էին հույսի մառախուղի մեջ մինչ այն ժամանակ, երբ սինյոր Հերբերտը զնգացրեց իր զանգակը և հայտարարեց, որ տոնախմբությունն ավարտվեց: Միայն հիմա նա կարողացավ հանգստանալ:
-Մարդ այսպես կմեռնի, -ասաց նրան ծերունի Հակոբը:
-Ես այնքան փող ունեմ, որ իմ մեռնելն իմաստ չունի, -պատասխանեց սինյոր Հերբերտը:
Նա փռվեց անկողնուն: Մի քանի օր քնեց, և նրա խռռոցը նման էր առյուծի մռնչոցի: Դա այնքան երկար տևեց, որ գյուղացիները դադարեցին սպասելուց նրա արթնանալուն: Մարդիկ ստիպված խեցգետին էին բռնում, որ սովամահ չլինեն: Կատարինոյի նոր ձայնապնակները այնքան էին հնացել, որ ոչ ոք այլևս չէր կարողանում դրանք առանց արցունքների լսել: Նա ստիպված եղավ փակել իր խանութը:
Սինյոր Հերբերտի քնելուց հետո որոշ ժամանակ անց ծերունի Հակոբի դուռը մի հոգևորական թակեց: Դուռը ներսից փակ էր: Սինյոր Հերբերտը այնպես էր կլանում թթվածինը, որ տան իրերը անկշռություն էին ստանում և սկսում ճախրել օդի մեջ:
-Ես ցանկանում եմ նրա հետ խոսել, -ասաց հոգևորականը:
Ստիպված եք սպասելու, -պատասխանեց ծերունի Հակոբը:
-Բայց ես շատ քիչ ժամանակ ունեմ:
-Նստեք, տեր հայր, և սպասեք, -պնդեց ծերունի Հակոբը: -Իսկ մինչ այդ, բարի եղեք, խոսեք ինձ հետ: Ես արդեն վաղուց տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում աշխարհում:
-Մարդիկ մոլորված են,-պատասխանեց հոգևորականը: -Կանցնի որոշ ժամանակ, և գյուղը կդառնա այնպիսին, ինչպիսին որ եղել է: Դա միակ նորությունն է:
-Մարդիկ կվերադառնան այստեղ, երբ ծովը կրկին վարդի բույր բերի, -ասաց ծերունի Հակոբը:
-Իսկ մինչ այդ մնացածների մեջ պետք է հույսը պահպանել, -ասաց հոգևորականը: -Հիմա շատ անհրաժեշտ է սկսել վանքի կառուցումը:
-Դրա համա՞ր եք եկել պարոն Հերբերտի մոտ, -նկատեց ծերունի Հակոբը:
-Հենց դրա համար, -պատասխանեց հոգևորականը: -Այս օտարերկրացիները շատ մարդասեր են:
-Այդ դեպքում սպասեք, տեր հայր, -կրկնեց ծերունի Հակոբը: -Մի գուցե և արթնանա:
Սկսեցին շաշկի խաղալ: Խաղը երկար էր և դժվար, մի քանի օր տևեց, իսկ սինյոր Հերբերտը այդպես էլ չէր արթնանում:
Հոգևորականը սկսում էր հուսահատվել: Նա պղնձե ափսեով անցավ ամբողջ գյուղով և վանքի կառուցման համար գումար հավաքեց, սակայն շատ քիչ կարողացավ հավաքել: Փող համար այդ աղոթքներից նա ավելի ու ավելի թափանցիկ էր դառնում, և մի անգամ՝ կիրակի օրը բարձրացավ ծովի մակերերևույթին, սակայն ոչ ոք դրա մասին չիմացավ: Նա իր իրերը տեղավորեց մի պարկի մեջ, իսկ մոյւսի մեջ դրեց հավաքած գումարը և ընդմիշտ հրաժեշտ տվեց գյուղին:
-Այս բուրմունքը այլևս չի լինի,- ասաց նրանց, ովքեր փորձում էին համոզել նրան մնալ: -Պետք է ճշմատրության աչքերին նայել. մարդիկ մահացու մեղք են գործել:
Երբ սինյոր Հերբերտը արթնացավ, գյուղը դարձավ այնպիսին, ինչպիսին որ կար մինչև նրա ժամանելը: Անձրևը մարդկանց թողած աղբը ցեխի էր վերածել և այժմ այն այնքան էր չորացել և պնդացել, որ կարծես աղյուս լիներ:
-Երկար քնեցի, -ասաց սինյոր Հերբերտը:
-Մի ամբողջ դար, -պատասխանեց ծերունի Հակոբը:
-Սովից մեռնում եմ:
-Բոլորն են սովից մեռնում, -նկատեց ծերունի Հակոբը: -Մարդիկ ստիպված գնում են ծովի ափ և խեցգետիններ բռնում:
Մի օր Թոբիասը տեսավ սինյոր Հերբերտին. նա փորփրում էր ավազները և շուրթերին փրփուր էր, և Թոբիասը զարմացավ, որ սոված հարուստը, մեծ հաշվով, ոչ մի բանով չի տարբերվում սոված աղքատից: Սինյոր Հերբերտը կարգին խեցգետին չգտավ: Երբ մութն ընկավ, նա առաջարկեց Թոբիասին ծովի հատակին փնտրել ուտելու որևէ բան:
-Լսեք, -զգուշացրեց Թոբիասը, -միայն հանգուցյալները գիտեն, թե ինչ կա ծովի հատակին:
-Դա հայտնի է նաև գիտնականներին,-առարկեց սինյոր Հերբերտը:- Ծովում խորտակված նավերի տակ կրիաներ են բնակվում, որոնց միսը շատ համեղ է: Հանվիր և՝ առա՛ջ:
Նրանք լողացին: Սկզբում լողում էին ջրի երեսին, հետո սկսեցին սուզվել, իջան բավականին խորը՝ անգամ արևի շողերը չէին ներթափանցում այդտեղ և առարկաները երևում էին միայն իրենց արտացոլած լույսի շնորհիվ: Լողացին մի խորտակված գյուղի մոտով, ուր կանայք և տղամարդիկ ձիավարում էին երաժշտական խցի մոտ: Հիանալի օր էր, և տների առջև թարմ ծաղիկներ կային:
-Գյուղը կիրակի է անցել ջրի տակ, առավոտյան ժամը 11-ի կողմերը, -նկատեց սինյոր Հերբերտը: – Ամենայն հավանականությամբ, ինչ-որ կատակլիզմ է տեղի ունեցել:
Թոբիասն ուզում էր լողալ դեպի գյուղը, սակայն սինյոր Հերբերտը նշան արեց հետևել իրեն:
-Այնտեղ վարդեր կան, -ասաց Թոբասը: -Ուզում եմ, որ Կլոտիլդյեն տեսնի, թե դրանք ինչպիսին են:
-Վաղը հանգիստ կվերադառնաս տուն, -ասաց սինյոր Հերբերտը:- Իսկ հիմա ես սովից մեռնում եմ:
Նա սուզվում էր ութոտնուկի նման՝ ձեռքերը լայն, բայց զգուշությամբ շարժելով: Թոբիասը, փորձելով չկորցնել նրան տեսադաշտից, մտածեց, որ այդպես են լողում միայն հարուստները: Շուտով հասարակական կատակլիզմների ծովը մնաց հետևում, և նրանք մտան հանգուցյալների ծով:
Մահացածները այնքան շատ էին, որ Թոբիասը անգամ չէր պատկերացնում, որ կարելի է միանգամից այդքան մարդ տեսնել: Նրանք անշարժ լողում էին մեջքի վրա՝ մեկն ավելի բարձր, մյուսն ավելի ցածր, սակայն բոլորը մոռացված էակների տեսք ունեին:
-Նրանք շատ վաղուց են մահացել, -ասաց սինյոր Հերբերտը: -Դարեր են հարկավոր, որ խաղաղություն այսպիսի վիճակի հասնեն:
Ավելի խորը՝ այն ջրերում, ուր լողում էին նոր մահացածնեը, սինյոր Հերբերտը կանգ առավ: Թոբիասը կանգնեց նրա կողքին հենց այն պահին, երբ իրենց կողքով անցավ մի երիտասարդ կին: Նա լողում էր կողքի վրա և աչքերը բաց: Նրան հետևում էր ծաղիկների մի մեծ հոսք:
Սինյոր Հերբերտը ցուցամատը դրեց բերնին ու մնաց էդպես մինչև իր կողքով անցան բոլոր ծաղիկները:
-Կյանքումս տեսած ամենագեղեցիկ կինն էր, -ասաց նա:
-Ծերունի Հակոբի կինն էր, -ասաց Թոբիասը: -Հիմա նա ամենաքիչը 50 տարեկան կլիներ, բայց ես համոզված եմ, որ դա ինքն էր:
-Երկար է ճամփորդել, -նկատեց սինյոր Հերբերտը: -Իր հետևից Համաշխարհային օվկիանոսի ամբողջ բուսական աշխարհն է ձգվում:
Նրանք իջան ծովի հատակը: Սինյոր Հերբերտը մի քանի շրջան արեց: Թոբիասը հետևեց նրան: Միայն երբ նրա աչքերը ընտելացան մթին, նա տեսավ կրիաներին: Դրանք բազմաթիվ էին. անշարժ պառկած էին, և թվում էր, թե քարացել են:
-Կենդանի են, – ասաց սինյոր Հերբերտը, -ուղղակի արդեն միլիոն տարի քնած են:
Նա կրիաներից մեկին շրջեց մեջքի վրա, թեթև հրեց դեպի վեր, և քնած սողունը դուրս սահեց ձեռքից և բարձրացավ վերև:
Թոբիասը կրիային ձեռք չտվեց: Նա վեր նայեց և տեսավ ծովը մյուս կողմից:
-Երազ է թվում, -ասաց նա:
-Քո շահերից է բխում որևէ մեկին այս ամենի մասին չպատմելը, -ասաց սինյոր Հերբերտը: Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կկատարվի աշխարհում, եթե մարդիկ իմանան նման բաների մասին:
Կեսգիշերին մոտիկ նրանք վերադարձան գյուղ: Արթնացրին Կլոտիլդյեին և խնդրեցին ջուր տաքացնել: Սինյոր Հերբերտը սպանեց կրիային, սակայն երենք էլ ստիպված էին բռնել և հետո նորից խոցել նրա սիրտը, որը թռվռում էր բակով մեկ այն ժամանակ, երբ կրիային մասնատում էին: Երեքն էլ այնքան էին կերել, որ հազիվ էին շնչում:
-Դե ինչ, Թոբիաս, պետք է նայել ճշմարտության աչքերի մեջ:
-Դե իհարկե:
-Իսկ ճշմարտությունն այն է, որ բուրմունքը այլևս այստեղ չի զգացվի:
-Կզգացվի՛:
-Չի զգացվի, -մեջ մտավ Կլոտիլդյեն, -նախևառաջ, չի զգացվի հենց այն պատճառով, որ այն երբեք էլ չի եղել: Այդ դու ես բոլորին խառնել իրար:
-Բայց դու ինքդ զգացիր այն, -բացականչեց Թոբիասը:
-Այն գիշեր ես կարծես խելագար լինեի, -պատասխանեց Կլոտիլդյեն, -ես հիմա էլ ծովի հետ կապված ոչ մի բանում համոզված չեմ:
-Դե, ես գնում եմ, -ասաց սինյոր Հերբերտը: Եվ, դիմելով երկուսին, ավելացրեց, -Դուք էլ պիտի գնաք: Աշխարհում այնքան գործ կա անելու. չարժե նստել և սովամահ լինել այս գյուղում:
Նա գնաց: Թոբիասը մնաց տան բակում՝ հաշվելով երկքում մինչև հորիզոնը տարածված աստղերը: Կլոտիլդյեն կանչեց նրան սենյակ, բայց նա ուշադրություն չդարձրեց նրա խոսքերին:
Թոբիասը բավականին երկար նստեց տան բակում: Երբ նա վերջապես մտավ սենյակ, Կլոտիլդյեն արթնացավ:
-Դու այդ բուրմունքի հողի վրա ցնդել ես, -զայրույթով ասաց Կլոտիլդյեն: -Ավելի լավ կլիներ՝ ուրիշ բաների մասին մտածեիր:
-Ես հենց ուրիշ բաների մասին եմ մտածում:
Կինը ցանկացավ իմանալ, թե ինչի մասին է նա մտածում, և նա որոշեց պատմել մի պայմանով, որ նա ոչ ոքի դրա մասին չի ասի: Կլոտիլդյեն խոստացավ:
-Ծովի հատակին, -սկսեց Թոբիասը, -մի գյուղ կա՝ սպիտակ տնակներով և բակում աճող ծաղիկներով:
Կլոտիլդյեն բռնեց գլուխը:
-Օ, Թոբիաս, -բացականչեց նա, -ախ, Թոբիաս, ի սեր Աստծո, նորից մի՛ սկսիր:
Թոբիասը լռեց: Նա տեղավորվեց մահճակալի ծայրին, բայց մինչև լույս այդպես էլ չկարողացավ քնել, այդ ժամանակ քամին փոխեց ուղղությունը և խեցգետինները նրան հանգիստ թողեցին:
Թարգմանությունը՝ ռուսերենից